Yerkratsiner
||

Վեգանության մասին

Ամեն տարի Հայաստանում միայն պաշտոնական վիճակագրությամբ մսի համար սպանվում է մոտ 500 000 կով և ցուլ, 250 000 խոզ, 500 000 ոչխար և 12 968 000 հավ։ Մոտ 2 654 000 հավ շահագործվում է ձու ստանալու համար, մոտ 728 000 տարբեր տեսակի կենդանի՝ կաթնամթերքի արտադրության համար։ Բացի այդ, Հայաստանը տարեկան ներկրում է ավելի քան 290 000 տոննա կենդանական ծագման արտադրանք։

80 մլրդ
ցամաքային կենդանի աշխարհում ամեն տարի սպանվում է մսի համար
2 տրլն
ձուկ ամեն տարի սպանվում է իրենց մսի համար
8 մլրդ
արու ճուտ ամեն տարի զոհվում է ձվի արդյունաբերությունում
90%
այս կենդանիների ծնվում, ապրում ԵՎ մահանում են արդյունաբերական անասնաբուծությունում

Այս ամենին գումարվում են սննդի համար օգտագործվող կենդանիների այլ տեսակներ, մորթու և կաշվե իրերի համար սպանվող կենդանիներ, լաբորատորիաներում զոհվողներ, դաժան վերաբերմունքի ենթարկվող ընտանի կենդանիներ, ինչպես նաև՝ վայրի կենդանիներ, որոնք սպանվում են որսորդների կողմից հանուն զվարճանքի, կամ զոհվում են անասնաբուծության պատճառով իրենց բնակության միջավայրին հասցված վնասի հետևանքով։

Վեգաններն ովքե՞ր են

  • Վեգանները չեն պաշտպանում կենդանիների շահագործումը կամ նրանց վնաս հասցնելը։
  • Նրանք հրաժարվում են մսից, կաթնամթերքից, ձվից, մեղրից և կենդանիների շահագործման արդյունքում ստացված այլ մթերքներից, ինչպես նաև չեն օգտագործում կենդանական ծագման կամ նրանց վրա փորձարկված հագուստ և ապրանքներ։
  • Վեգանությունը սննդակարգ չէ, հոգևոր պրակտիկա չէ և ոչ էլ մոդայիկ զբաղմունք, այլ՝ ձգտում ապրել այնպես, որ նվազի կենդանիների տառապանքը։
Gabriela Penela / We AnimalsՓրկված Լաուրա խոճկորը և Մարինա կատվաձագը միասին խաղում են գյուղատնտեսական կենդանիների ապաստարանում։ Չիլի, 2016
Beth Lily Redwood / We AnimalsԿույր բիզոն Հելենն արոտավայրում դիմավորում է փրկված Իտալո հորթին։ Հելենը հոգ է տանում ապաստարան ժամանող մատղաշ կենդանիների մասին։ Օրեգոն, ԱՄՆ, 2019
Jo-Anne McArthur / We AnimalsՓրկված այծը՝ Թամարի հետ, որը կաթնարդյունաբերությունից փրկված հորթ է։ Իսրայել, 2018

Ինձ ինչո՞ւ պետք է դա հուզի

  • Ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները ցանկանում են ապրել, ունեն զգացմունքներ և ցավ են զգում։
  • Ամեն տարի միլիարդավոր զգայունակ կենդանիներ շահագործվում են մսի, կաթի և ձվի արտադրության նպատակով։
  • Գյուղատնտեսական կենդանիները ոչ պակաս խելացի կամ զգայունակ են, քան ընտանի կենդանիները՝ կատուները կամ շները. խոզերը, կովերն ու հավերը կարող են սովորել, լուծել առաջադրանքներ, ապրել բարդ հույզեր, ինչպես նաև՝ հիշել մարդկանց և այլ կենդանիների։
  • Գյուղատնտեսության մեջ օգտագործվող կենդանիների տարբեր ցեղատեսակներ ստեղծվել են շահույթն առավելագույնի հասցնելու նպատակով։ Արդյունքում՝ դրանց ֆիզիկական առանձնահատկությունները պատճառ են դառնում անտանելի տառապանքների՝ կյանքի հենց առաջին շաբաթներից սկսած։
  • Կենդանիների ճնշումը սերտորեն կապված է ճնշման այլ ձևերի հետ. այն սնվում է դրանցով և, իր հերթին, սնուցում դրանք։ Կնատյացությունը, ռասիզմը, գաղութատիրությունը, դասակարգային խտրականությունը, միլիտարիզմը և սպեցիզմը (տեսակային խտրականությունը) նույն խնդրի մասն են։
  • Անասնաբուծությունը էկոհամակարգերի ոչնչացման և գլոբալ կլիմայական փոփոխությունների հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում։
Balvik C. / We AnimalsՄորթեղենի ֆերմայում աղվեսներն իրենց ողջ կյանքն անցկացնում են վանդակներում՝ որպես կանոն միայնակ։ Քվեբեկ, Կանադա, 2022
Milos Bicanski / We AnimalsՄոտ 7 000 մեկշաբաթական բրոյլեր ճուտ պահվում է մոտ 90 մետր երկարությամբ այս թռչնանոցում՝ բրոյլերների ինտենսիվ աճեցման թռչնաֆաբրիկայում։ Հունաստան, 2022
Carlota Saorsa / HIDDEN / We AnimalsՃագարին ամրացնում են հատուկ պահող սարքում՝ փորձարկում անցկացնելու համար։ Իսպանիա, 2019

Արդյունաբերության իրականությունը

Ինչ է կատարվում սպանդանոցում

Եթե դեռ չեք տեսել սպանդանոցից կադրեր՝ դիտեք դրանք։ Մենք չենք հրապարակում սպանդանոցներից տեսանյութեր կամ լուսանկարներ, բայց դրանք հեշտությամբ կարելի է գտնել համացանցում։

  • Սպանդից առաջ կենդանիներին ապաշնչեցնում են (ցավազրկում կամ անզգայացնում), սակայն այդ գործընթացը միշտ չէ, որ հաջողվում է առաջին փորձից։
  • Ապաշնչեցումը պարտադիր չէ, որ նշանակի ակնթարթային մահ. դրանից հետո կենդանու կոկորդը կտրում են, իսկ մարմինը կախում կեռիկից։ Կենդանին սատկում է արյան կորստից։
  • Մեր սննդի համար նախատեսված կենդանիների մեծ մասը սպանվում է դեռևս երիտասարդ տարիքում։
  • Կենդանիների ճնշող մեծամասնությունը ծնվում, ապրում և սատկում է արդյունաբերական անասնաբուծական համակարգի պայմաններում՝ չկարողանալով շրջվել սեփական վանդակի մեջ, զրկվելով արևի լույսից կամ սոցիալիզացիայից։
Tom Woollard / We AnimalsԵրեք ոչխար նայում է սպանդանոց ժամանող բեռնատարի մետաղյա ձողերի արանքից։ Դերբի, Միացյալ Թագավորություն, 2022

Իսկ կաթնամթերքի հետ ի՞նչ խնդիր կա

  • Կովն իր ողջ կյանքի ընթացքում չէ «կաթ տալիս»․ մի քանի տարի ինտենսիվ շահագործումից հետո նրա «արտադրողականությունը» նվազում է։ Այնուհետև նրան ուղարկում են սպանդանոց։
  • Ինչպես բոլոր կաթնասունները, կովը սկսում է «կաթ տալ» հորթ ունենալուց հետո։ Նրան պարբերաբար ենթարկում են հարկադիր արհեստական բեղմնավորման և պահում մշտական հղիության վիճակում։
  • Արու հորթերին վաղ տարիքում ուղարկում են սպանդի՝ սովորաբար բաժանելով մայրերից կյանքի առաջին իսկ ժամերին կամ օրերին։
  • Բնական պայմաններում կովերը կարող են ապրել մոտ 20 կամ ավելի տարի, մինչդեռ կաթնարդյունաբերության մեջ նրանց կյանքը հաճախ ավարտվում է 5-ից 7 տարեկանում։
  • Երբ հորթին խլում են, մայր կովը հաճախ բարձր ձայնով կանչում է և փորձում կանխել դա։ Կենդանիները տառապում են ոչ միայն ֆիզիկապես։
Stefano Belacchi / Essere Animali / We AnimalsՀորթերի խումբ կաթնատու ֆերմայի փոքր ցանկապատված տարածքում։ Իտալիա, 2016
Human Cruelties / We AnimalsՆորածին էգ հորթ՝ վերջերս բաժանված մորից։ Պորտուգալիա, 2022
Jo-Anne McArthur / We AnimalsԿովը, որը ծննդաբերել է ընդամենը մի քանի ժամ առաջ, քայլում է իր ցանկապատված տարածքում՝ լցված կրծով և դուրս կախված ընկերքի մնացորդներով։ Քվեբեկ, Կանադա, 2022

Իսկ ձվի հետ ի՞նչ խնդիր կա

  • Ամեն տարի ավելի քան 8 միլիարդ արու ճուտիկ ողջ-ողջ աղացվում է՝ ձվի արդյունաբերության համար անպիտանի լինելու պատճառով։
  • A4 ֆորմատի թուղթը խորհրդանշում է այն տարածքի չափը, որը հատկացվում է արդյունաբերական ֆերմայում պահվող մեկ հավի՝ նրա ողջ կյանքի ընթացքում։ Վանդակի ներսում ձվատու հավը նույնիսկ չի կարողանում փռել թևերը։
  • Ձվադրման բարձր ցուցանիշները մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում հավի օրգանիզմի համար. ձվի կճեպի համար անհրաժեշտ կալցիումը մշտապես սպառվում է ձվադրման ընթացքում՝ հանգեցնելով առողջական քրոնիկական խնդիրների։
  • Երբ հավերի արտադրողականությունը նվազում է, նրանց պահելը դառնում է ոչ շահավետ, և թռչուններին ուղարկում են սպանդի։
Tatu Varis / Open Wing Alliance / We AnimalsԱծան հավեր՝ կլոակայի անկումով և փետուրների կորստով։ Նման վնասվածքները հաճախ հանդիպում են ձվի ինտենսիվ արտադրությունում։ Ֆինլանդիա, 2025

Հաճախակի հարցեր

Ինձ կալցիում է պետք
  • Կալցիումի լավ աղբյուրներ են բուսական ծագման ըմպելիքները, տոֆուն, քունջութի սերմերն ու թահինը, նուշը, սպիտակ լոբին, բրոկոլին և տերևավոր կանաչեղենը։
  • Որոշ բույսերից, օրինակ՝ բրոկոլիից կամ քեյլ կաղամբից, ստացվող կալցիումն ավելի լավ է յուրացվում, քան հավելյալ կալցիումով հարստացված կովի կաթից ստացվողը։
  • Ոսկրերի առողջությունը կախված է ոչ միայն կալցիումից. կենսական նշանակություն ունեն նաև D վիտամինը, սպիտակուցը և այլ սննդանյութեր, որոնք բոլորն էլ լիարժեքորեն առկա են բուսական սննդակարգում։
Իսկ սպիտակուցն որտեղի՞ց վերցնել
  • Սպիտակուց կա գրեթե ամբողջ բուսական սննդի մեջ՝ ընդեղենում, ձավարեղենում, ընկույզներում, սերմերում, բանջարեղենում և սնկերում։
  • Տոֆուն, տեմպեն, սոյայի միսը և սեյտանը շատ սպիտակուց են պարունակում և հեշտությամբ փոխարինում են մսին սովորական ուտեստներում։
  • Բուսական սպիտակուցը պարտադիր չէ ստանալ մեկ մթերքից։ Օրվա ընթացքում տարբեր մթերքների համադրումն ապահովում է բոլոր անհրաժեշտ ամինաթթուները։
  • Սոյան պարունակում է լիարժեք սպիտակուց՝ բոլոր ինը անփոխարինելի ամինաթթուները՝ բավարար քանակությամբ։
  • Ոսպը, լոբին և սիսեռը հատկապես հարուստ են սպիտակուցով՝ պատրաստի վիճակում պարունակում են մոտ 7–10 գ սպիտակուց 100 գ-ում։
  • Սեյտանը և մսի այլ բուսական փոխարինիչները շատ մեծ քանակությամբ սպիտակուց են պարունակում՝ մոտ 20–25 գ 100 գ մթերքում։
  • Ընկույզներն ու սերմերը նույնպես զգալի քանակությամբ սպիտակուց են տալիս՝ 30 գ դդումի սերմերում, օրինակ, կա մոտ 8–9 գ սպիտակուց։
  • Սպիտակուցի պակասը լինում է ոչ թե այն պատճառով, որ մարդը միս չի ուտում, այլ ընդհանուր կալորիաների պակասի և ոչ հավասարակշռված սննդակարգի պատճառով։
Ես չեմ կարող միայն խոտ ուտել

Վեգանների առողջ սննդակարգի կանոնները քիչ բանով են տարբերվում ամենակեր մարդկանց սննդակարգի կանոններից։ Պատկերացնենք սովորական ափսե և բաժանենք այն 4 մասի։

  • Ափսեի կեսը՝ բազմազան բանջարեղեն կամ մրգեր։
  • Ափսեի քառորդը՝ ածխաջրեր՝ կարտոֆիլ, ձավարեղեն և ալյուրից պատրաստված մթերքներ։
  • Մնացած քառորդը՝ սպիտակուցի աղբյուրներ՝ ընդեղեն, ընկույզներ, սերմեր, ինչպես նաև տոֆու, սեյտան և սոյայի միս։

Պետք չէ ամեն անգամ կատարյալ ափսե հավաքել։ Սիրելի «ոչ ամենաօգտակար» մթերքները նույնպես կարող են սննդակարգի մաս լինել՝ դրանում սարսափելի ոչինչ չկա։ Գլխավորն այն է, որ հոգ տանեք ձեր մասին, ուտեք բազմազան սնունդ, և որ սննդակարգն ընդհանուր առմամբ համապատասխանի ձեր կարիքներին։

Վեգանությունը էլիտար է և թանկ

Մոլորակի մարդկանց մեծ մասը սնվում է հիմնականում բուսական սննդով հենց այն պատճառով, որ այն ավելի էժան է։ Ակնհայտ է, որ այս կամ այն մթերքի հասանելիությունը տարբերվում է տեղից տեղ, բայց նորաձև սոյայի սթեյքը սննդակարգի պարտադիր մաս ամենևին չէ։ Ավելին՝ բուսական սնունդը եղել է աշխարհի խոհանոցների մեծ մասի հիմքը մինչև եվրոպական գաղութացումը և կապիտալիստական վերելքը։

Ի՞նչ կլինի կենդանիների հետ, եթե դադարենք ուտել նրանց

Եթե դադարեցնենք կենդանական մթերքների սպառումը, ապա կդադարեցնենք կենդանիների բուծումը։ Իդեալում մենք պետք է հոգ տանենք նրանց մասին, ովքեր արդեն կան, մինչև նրանք բնական մահով մահանան, և այլևս չբուծենք նրանց։

Ինչ վերաբերում է վիտամիններին՝ միայն B12-ը հնարավոր չէ ստանալ սովորական բուսական սննդից։ Ոչ-վեգանները ստանում են այն հարստացված կովի կաթից։ Վեգաններին ցանկալի են հավելումներ կամ հարստացված մթերքներ։

Էկոլոգիա

  • Անասնաբուծությունն օգտագործում է աշխարհի գյուղատնտեսական հողերի շուրջ 80%-ը, մինչդեռ միսը, կաթնամթերքն ու ձուն միասին ապահովում են աշխարհում սպառվող կալորիաների ընդամենը 18%-ը։ Այս հողերի մեծ մասն օգտագործվում է կենդանիների արածեցման կամ նրանց կերի մշակման համար։ Բուսական սննդակարգերի անցումը կարող է ազատել Չինաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ավստրալիայի տարածքների համակցված մակերեսից ավելի մեծ տարածք։
  • Կենսաբազմազանության կորուստը նույնպես մեծապես պայմանավորված է անասնաբուծությամբ։ 2000–2018 թվականներին աշխարհում անտառահատումների մոտ 50%-ը կապված էր մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, իսկ 39%-ը՝ անասունների արածեցման հետ․ միասին՝ մոտ 89%։ Այս մշակվող հողերի զգալի մասն օգտագործվում է կենդանիների կեր աճեցնելու համար՝ շուրջ 38%-ը։ Անասնաբուծության հետ կապված կենսամիջավայրերի կորուստը ազդում է վտանգված թռչունների և կաթնասունների մոտ 70%-ի վրա։
  • Անասնաբուծությունը նաև աղտոտում է ջրային ռեսուրսները։ Կենդանիների գոմաղբը և նրանց կերի մշակման համար օգտագործվող պարարտանյութերը ազոտ և ֆոսֆոր են հասցնում գետեր ու լճեր՝ նպաստելով ջրիմուռների զանգվածային աճին և թթվածնից զրկված «մեռյալ գոտիների» առաջացմանը, որտեղ ջրային կենդանի օրգանիզմների մեծ մասը չի կարող գոյատևել։ Աշխարհի ափամերձ ջրերում այժմ առնվազն 700 նման «մեռյալ գոտի» կա։ Հայաստանում հաղորդվում է, որ Սևանա լիճ թափվող 11 գետերից 7-ը աղտոտված են գյուղատնտեսական արտահոսքերով և կենցաղային կեղտաջրերով։
  • Արդյունաբերական անասնաբուծությունը կապված է նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածման հետ։ Ամբողջ աշխարհում վաճառվող հակաբիոտիկների մոտ 73%-ն օգտագործվում է սննդի համար պահվող կենդանիների վրա, իսկ անասնաբուծության մեջ կիրառվող հակամանրէային միջոցների 75–90%-ը արտազատվում է օրգանիզմից՝ հնարավորություն տալով, որ հակամանրէային նյութերի մնացորդներն ու կայուն միկրոօրգանիզմները հայտնվեն հողում և ջրում։
Victor Moriyama / We AnimalsԱյրվող արոտավայր անասնաբուծական ֆերմայում, որտեղ կրակը տարածվում է նաև հարակից անտառային տարածքի վրա։ Ամազոնի տարածաշրջան
Victor Moriyama / We AnimalsԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում անասնաբուծական համալիրների օդային տեսարան։ Գյուղատնտեսական և անասնաբուծական տնտեսություններից առաջացող գոմաղբը ֆոսֆորի և ազոտի՝ մակերևութային և ստորերկրյա ջրեր ներթափանցման հիմնական աղբյուրն է։

Հողը 1 կգ մթերքի համար

կենդանական սնունդ

մինչև 13,5 մ²

բուսական սնունդ

մինչև 0,75 մ²

Այսօր անասնաբուծության կարիքներին է հատկացված ցամաքի 45%-ը։ Մեկ վեգանին կերակրելու համար պահանջվում է 18 անգամ ավելի քիչ հող, քան կենդանական սնունդ ուտողի համար։

Ջուրը 1 կգ մթերքի արտադրության համար

կենդանական սնունդ

մինչև 30 000 լ

բուսական սնունդ

մինչև 900 լ

Անասնաբուծության վրա ծախսվում է խմելու ջրի մեկ երրորդը։ Մեկ բուրգերի արտադրության համար անհրաժեշտ է ծախսել մոտ 3000 լ ջուր։

Ջերմոցային գազերի արտանետումներ

անասնաբուծություն

մինչև 51%

ամբողջ տրանսպորտը

մինչև 13%

Ցամաքային, օդային և ծովային տրանսպորտը միասին։ Անասնաբուծությունը կլիմայի փոփոխության հիմնական պատճառներից է։

Միլիարդավոր կենդանիներ ամեն տարի ծնվում և զոհվում են մարդկային քմահաճույքների համար՝ բախվելով ցավի, վախի և դաժանության։ Բայց մենք կարող ենք լիարժեք ապրել և սնվել՝ առանց նրանց տառապանք պատճառելու և սպանելու։

Վեգան ուղեցույց Հայաստանով

Որտեղ ուտել, ինչ գնել և ուր գնալ՝ ուղեցույց վեգան Հայաստանով։

Աղբյուրներ

Շնորհակալություն ենք հայտնում We Animals-ին՝ տրամադրված լուսանկարների համար։